Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․
«Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, և զոհերը՝ բազմաթիվ։
Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որ չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։
Ձեր վերջին ելույթներում Դուք ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում Սիրիայից ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։ Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։ Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»,- գրել է Նիկոլա Ազնավուրը։